Զբուսաշրջությունը Հայաստանում

Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է: Առնվազն 15 տարի շարունակ այս ոլորտում կատարվող բարեփոխումներն ու իրականացվող ներդրումները ձեւավորել են որոշակի ենթակառուցվածք: Սակայն որքանո՞վ է զբոսաշրջային Հայաստանը հասանելի եւ մրցունակ միջազգային զբոսաշրջային շուկայում: Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարին կարծիք է հայտնել, որ Հայաստանը իբրեւ զբոսաշրջային երկիր գնահատված չէ: «Երբ նայում ես զբոսաշրջիկների այցելությունների վիճակագրությունը, հասկանում ես, որ ներքուստ ավելի մեծ ակնկալիքներ ունես: Զբոսաշրջիկները տեղեկացված չեն Հայաստանի մասին»,- նշել է նա:

2016թ. տվյալների համաձայն, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 1մլն 260 հազար մարդ, ինչն ընդամենը 68 հազարով է ավել 2015թ. զբոսաշրջիկների թվից: Ըստ Համաշխարհային բանկի անցկացրած հարցումների, Հայաստան այցելելու առավել գրավիչ ասպեկտներն են՝  մշակութային ժառանգությունը, ծառայությունների որակը, հյուրընկալությունը, սնունդը եւ բնությունը: Զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը դեպի Հայաստան լինում է Ռուսաստանից, Իրանից եւ ԱՄՆ-ից: Քիչ չեն զբոսաշրջիկները նաեւ Գերմանիայից, Ֆրանսիայից եւ Իտալիայից: Առաջին տասնյակում են նաեւ Վրաստանը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան եւ Կանադան: Զբոսաշրջության զարգացումը Հայաստանի համար հզոր խթան է երկրի տնտեսության բազմատեսակացման եւ զարգացման առումով: Ներգնա զբոսաշրջությունը Հայաստանի արտահանման բաժնում հանքահումքային արտադրանքի եւ մետաղների արտահանումից հետո երկրորդն է: Այն նաեւ ապահովում է ծառայությունների արտահանման կեսից ավելին: Այսինքն, երկրից գնալիս՝ օտարերկրյա զբոսաշրջիկներն իրենց հետ տանում են ոչ միայն Հայաստանից գնված ապրանքներ, այլեւ գնված ծառայությունների վերաբերյալ իրենց տպավորությունները: Բացի այդ, զբոսաշրջիկները երկիր են բերում արտարժույթ, ուստի որքան շատ գումար են նրանք ծախսում Հայաստանում, այնքան ավելի շատ են նպաստում արժույթի կայունացմանը:

Զբոսաշրջության ոլորտը թվերով

  • Զբոսաշրջիկներ (հազար մարդ)

2016թ. աշնանը Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության համակարգում ստեղծվեց Զբոսաշրջության պետական կոմիտե, եւ նույն տարվա դեկտեմբերին լուծարվեց  Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչությունը: Նորաստեղծ կոմիտեի ղեկավար նշանակվեց Զարմինե Զեյթունցյանը, ով արդեն նոր պաշտոնում հայտարարեց, որ իր կողմից ղեկավարվող կոմիտեն առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կրկնապատկել` հասցնելով 2,5 մլն-ի: Կոմիտեի մշակած նոր ռազմավարական քարտեզի համաձայն, ոլորտի աշխատողները ջանք չեն խնայելու, որպեսզի զբոսաշրջային Հայաստանը միջազգային շուկայում դառնա առավել ճանաչելի, հասանելի եւ մատչելի: Կոմիտեի առջեւ դրված խնդիրը պարզ է։ Դժվար է պատկերացնել, թե ինչ միջոցներով պետք է հրապուրել օտարերկրացի զբոսաշրջիկներին այն դեպքում, երբ 2016թ․ համեմատ բյուջեից զբոսաշրջության զարգացմանն ուղղված 2017թ․ հատկացումները գրեթե կիսով չափ կրճատվել են՝ նախկին 188 մլն դրամի փոխարեն տրամադրելով 100 մլն դրամ (մոտ 200 հազար ԱՄՆ դոլար), ինչը համարժեք է միջազգային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերության եթերում ընդամենը մի քանի րոպե գովազդ պատվիրելուն։

2010թ-ից ի վեր ներգնա զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է շուրջ 9%: Ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների` մեկ զբոսաշրջիկը Հայաստանում անց է կացնում միջինը 17 օր` ծախսելով շուրջ 770 ԱՄՆ դոլար (370 հազար դրամ): Հայաստան ժամանող զբոսաշրջիկների զգալի մասը հայկական արմատներ ունեն: 2015թ․ տվյալներով, 40 հազար մարդ կամ զբաղվածների 3,3%-ն ուղղակիորեն ներգրավված են եղել զբոսաշրջության ոլորտում: Նրանք աշխատել են հյուրանոցներում, տուրիստական գործակալություններում, ավիաընկերություններում եւ զբոսաշրջիկներ փոխադրող ընկերություններում: Իսկ ընդհանուր ներգրավվածությունը կազմել է 147 հազար մարդ կամ զբաղվածների 12,2 %-ը:

Ներկայումս ՀՀ տարածքում գործում են ավելի քան 340 հյուրանոցային տնտեսության օբյեկտներ` 10,337 համարով եւ  20,597 ննջատեղով (հյուրանոց, մոթել, հյուրանոցատիպ հանգրվան, առողջարան, պանսիոն, հանգստյան այլ տիպի բնակատեղիներ): 2010թ․ տվյալների համեմատությամբ՝ այդ թիվը գրեթե 2,5 անգամ աճել է: Մոտ ապագայում հյուրանոցների թիվը կավելանա` ապահովելով եւս 500 հյուրանոցային համար:

  • Ծախսած գումար (մլրդ․ դրամ)

Առավել հաճախ այցելում են

  • Ռուսաստան
  • Իրան
  • ԱՄՆ
  • Գերմանիա
  • Ֆրանսիա
  • Վրաստան
  • Իտալիա
  • Մեծ Բրիտանիա
  • Ուկրաինա
  • Կանադա

Զբոսաշրջության մրցունակության 2015թ. զեկույցի համաձայն, Հայաստանում զբոսաշրջության վիճակը համարվել է բարվոք՝ սանիտարահիգիենիկ պայմանների եւ առողջապահության,  ապահովության եւ անվտանգության առումներով: Էական առաջխաղացում է արձանագրվել սպասարկման ոլորտում: Մասնավորապես աճել է հյուրանոցների  եւ «Visa» քարտեր ընդունող բանկոմատների թիվը: Սակայն այս նույն զեկույցի ցուցանիշներով՝ Հայաստանը հետ է մնում ճանապարհների եւ երկաթուղիների մատչելիությամբ: Զբոսաշրջիկները դժգոհում են նաեւ սանհանգույցների սակավությունից եւ/կամ վատ վիճակից, աղբի առկայությունից եւ բնական միջավայրի որակից: Թերեւս դա կարող է պատճառ լինել, որ Հայաստանը տվյալ զեկույցում, ի տարբերություն 2013թ․ զեկույցի, դիրքերը զիջել է  10 հորիզոնականով` 141 երկրների շարքում հայտնվելով 89-րդ հորիզոնականում: Հարեւան երկրներից` Վրաստանը եւ Ադրբեջանը ցուցակում զբաղեցնում են համապատասխանաբար 71-րդ եւ 84-րդ տեղերը: Նախորդ զեկույցի համեմատ՝ Վրաստանը եւս զիջել է իր  դիրքերը 5, իսկ Ադրբեջանը՝ 6 միավորով: Զբոսաշրջության զարգացումը Հայաստանի համար հզոր խթան է երկրի տնտեսության բազմատեսակացման եւ զարգացման առումով: Ներգնա զբոսաշրջությունը Հայաստանի արտահանման բաժնում հանքահումքային արտադրանքի եւ մետաղների արտահանումից հետո երկրորդն է:

Տուր փաթեթներ